Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ակնկալում են, որ երկարատև հրետանային ռմբակոծությունից հետո զգալի վնասներ ստացած Ստեփանակերտը վերականգնելու համար կպահանջվի ոչ ավել, քան վեց ամիս։ Այս մասին «РИА Новости»-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Քաղաքը լրիվ վերականգնելու համար կպահանջվի առավելագույնը վեց ամիս: Ոչ ավել: Ինչո՞ւ վեց: Սա պայմանավորված է ձմռան ցուրտ եղանակով, անձրևներով, որոնք խանգարում են աշխատանքին: Վեց ամսից ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ ճանապարհները կլինեն սալիկապատ»,- ասաց քաղաքապետը:
Սարգսյանը հաստատեց, որ Ադրբեջանի ու Արցախի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում ռմբակոծությունից հետո քաղաքի վերականգնումը շարունակվում է արագ տեմպերով:
«Ինչ վերաբերում է ռմբակոծությունից հետո քաղաքի վերակառուցմանը, նորոգումները շարունակվում են: Ժամանել են տարբեր շինարարական թիմեր Ռուսաստանից, Հայաստանից՝ օգնելու վերականգնել Ստեփանակերտը, գյուղերն ու թաղամասերը: Որպեսզի մեր երեխաները, երբ նրանք քայլեն և խաղան քաղաքում, չհիշեն անցյալ իրադարձությունները»,- ասաց քաղաքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։