Մեզ հասած տեղեկություններով՝ Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանն օրեր առաջ մոլորվելով անցել է Արցախի սահմանը և սպանվել։
Դեպքի առնչությամբ Armenia Today-ը կապ հաստատեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի հետ։ Վերջինս հաստատեց լուրը՝ ասելով, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։ Տղամարդը մոլորվել է, սխալմամբ անցել սահմանն ու, հայտնվելով հակառակորդի տիրապետության տակ անցած տարածքում, սպանվել։
Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց՝ Արցախի ԱԻ պետական ծառայության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների օգնությամբ։ Դին ավելի ուշ հարազատները հայտնաբերել են Ստեփանակերտի դիահերձարաններից մեկում։ Տղամարդու մարմինը եղել է խոշտանգված։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: