Amnesty International-ի փորձագետները վերլուծել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում կատարված տեսագրությունները, որոնցում արձանագրվել են սպանությունների, գերիների և դիակների խոշտանգումներ։
Այդ տեսագրությունների վերլուծության արդյունքում նրանք եկել են այն եզրահանգմանը, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել։ Այս մասին ասվում է Amnesty International-ի զեկույցում, հաղորդում է РБК-ն:
Նրանցից մի քանիսում արձանագրվել են գերիների գլխատման և հակառակորդի զինվորների դիակների պղծման դեպքեր։
Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանների տրամադրության տակ է հայտնվել 22 տեսագրություն՝ տարբեր միջադեպերով։
«Լեռնային Ղարաբաղում վերջին մարտերի ժամանակ երկու կողմերից զինվորականներն իրենց հրեշավոր են պահել՝ անտեսելով պատերազմի վարման կանոնները»,- հայտարարել է Արևելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի հետազոտությունների գծով տնօրեն Դենիս Կրիվոշեևը:
Իրավապաշտպանը կարծում է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչպես այդ հանցագործությունների մեղավորները, այնպես էլ հրամանատարները, որոնք զինվորներին հրամաններ են տվել կամ դրդել նրանց այդ հանցագործություններին:
Զեկույցում ասվում է, որ տեսագրությունների իսկությունը հաստատվել է փորձաքննությամբ։
Նշենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում և կրակի դադարեցումից հետո համացանցում են հայտնվում նկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչ գազանություններ են իրականացնում ադրբեջանցի զինվորականները հայ գերիների նկատմամբ։