Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական բանակը Հադրութի շրջանի արևմտյան մասում ՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-ի էջում գրել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, շտապեց մեղադրել Հայաստանին նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Վերոնշյալ գյուղերը և հարակից տարածքները մինչև դեկտեմբերի 12-ը գտնվում էին հայ զինվորականների հսկողության տակ: Ադրբեջանական բանակը, խախտելով պայմանավորվածությունները և օգտագործելով տարբեր տեսակի զենքեր, շարժվել է այս գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորներ կան:
Հավելենք, որ Հադրութը գրավելուց հետո մի քանի գյուղերը մնացել էին հայկական կողմի վերահսկողության տակ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ դիմել է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։