Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից դեկտեմբերի 11-ին և 12-ին հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետևյալը․
«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»,-նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ»,-նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին»,-ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։