Արցախի անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին:
Նա տեղեկացրել է, որ մարտական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 27 – ի առավոտյան, հայկական կողմը կորցրել է ՀՕՊ ուժերի մոտ 50 տոկոսը և հրետանու 40 տոկոսը: Նրա խոսքով, ի թիվս այլ տեխնիկայի, առաջին իսկ օրը խոցվել են ՕՍԱ-ԱԿԱ- ների մոտ 10 համալիրներ, ինչպես նաեւ Ս-300 համակարգը: Բաբայանը պատմել է, որ այնուհետև ադրբեջանական կողմը սկսել է հիմնական հարվածներ հասցնել երկու ուղղությամբ՝ հյուսիսում և հարավում։
Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը չի ունեցել մարդկային ռեսուրսներ եւ համապատասխան հրամանատարներ Ադրբեջանի զինված ուժերի պաշտպանական գծերի բեկումից հետո հարավային ուղղությամբ պաշտպանության կազմակերպման համար:
Նա նաև պատմել է Արցախում զորահավաքի ընթացքի մասին։ Բաբայանի խոսքով՝ Արցախի զորահավաքային ռեսուրսից զորահավաքի առաջին փուլում 17․500 մարդուց պետք է զորակոչվեր 7500-8000 մարդ։ Առաջին փուլը կատարվել է 90 տոկոսով, իսկ հետագա փուլերը չեն կատարվել։
Պատճառների թվում Բաբայանը նշել է, որ պետությունը միանգամից չի փոխադրվել ռազմական ռելսերի, ինչպես նաև թույլ է տրվել ազատ դուրս գալ Արցախից: Ստուգումից հետո պարզվել է, որ զորքերում բացակայել է 3000 մարդ՝ արդեն զորակոչված 8000-ից։ Հայաստանը նախատեսված ավելի քան 11․000-ից ուղարկել է 6000-7000 մարդ։
Նա նաեւ հայտարարել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերն ու հրետանին ճնշելու հայկական կողմի անկարողությունը նպաստել է զորքերում խուճապի տարածմանը: Բաբայանի խոսքով՝ սպայական կազմի ավելի քան 70 տոկոսը «իր տեղում չի եղել»: Նա նաեւ նշել է հրամանատարների շրջանում փախուստի եւ հրամանները կատարելուց հրաժարվելու դեպքերը։
Սամվել Բաբայանն ընդգծեց, որ այս իրավիճակը Զինված ուժերում կադրային քաղաքականության հետևանք է, որը տեղի է ունեցել 10 տարի շարունակ: «Բոլոր նրանք, ովքեր զբաղեցրել են գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները վերջին 10 տարում պատասխանատվություն են կրում», – ասել է նա:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: