Իրավիճակը Հադրութի շրջանի երկու գյուղերի շրջանում, որտեղ դեկտեմբերի 11-ին հրադադարի խախտում է եղել, այժմ կարգավորվել է, հայտարարել է Ղարաբաղում խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Այս մասին հայտնում է РИА новости – ն։
«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մոտակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կանխվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործողություններով։ Ներկայում այդ շրջանում իրադրությունը նորմալացել է: Ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի մշտական մոնիթորինգ է իրականացվում և պահպանվում է փոխգործակցությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ», – հայտնել է Մուրադովը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: