Ռուսաստանը Ղարաբաղի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կսկսի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։
Այս մասին Twitter-ում գրել է վերլուծաբան Նիլ Հաուերը (Neil Hаuer)՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի կառավարության աղբյուրները։
«Լեռնային Ղարաբաղի կառավարության աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կսկսի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Խոսակցություններ արդեն եղել են, բայց հիմա այդ մասին խոսում են պաշտոնյաները (անանուն)։ Այլ մանրամասներ դեռ չկան», – գրել է նա իր միկրոբլոգում։
Հաուերը Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ է։ Նա համագործակցում է այնպիսի խոշոր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են Al Jazeera-ն, CNN-ը, Guardian-ը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: