Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք` հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ: Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը:
«Աղավնոն ապրում է ու մեզ սովորեցնում ապրել՝ տարբերելով կարևորը, գլխավորը, առաջնահերթը անկարևորից, երկրորդականից, ստորադասից։ Աղավնոյի բնակիչները գիտեն, որ գրված ու չգրված օրենքներով Աղավնոն հայերեն է ապրելու։
Պատկան մարմիններից միայն ենթակառուցվածք ունենալու կարողություն են ակնկալում։ Ու դեռ հուսով են ունենալ հոսանք, ինտերնետ, դպրոց..
Սոցիալական ծրագրերից մեծ մասը չի կարողանում օգտվել կապի բացակայության պատճառով։ Ստեփանակերտ էլ չեն գնում, տնից չեն ուզում բացակայել հասկանալի պատճառներով, իսկ դիմելու ժամկետները լրանում են…Բայց իրենք ստանալու են իրենց հասանելիքը, ինչ էլ լինի, ինչ աղբյուրից էլ լինի։
Ես գիտեմ՝ Աղավնոյից և նման վայրերից են ծնվելու լավագույն պետական այրերը, որովհետև այդտեղի աղջիկներն ու տղաները տեսել են, թե ինչպես է իրենց գյուղապետ Անդրանիկը ամեն գնով պաշտպանում իր երկիրն ու իր համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը»,- գրել է Մանե Թանդիլյանը: