Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել՝ նոյեմբերի 9-ից ի վեր։ Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդի հետ» իր հերթական զրույցի ժամանակ։
«Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական հատուկջոկատայինները գրոհ են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը։ Այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,- հայտնել է ՀՀ վարչապետը։
Նա նաև նշել է, որ վիրավորվել է Արցախի ՊԲ վեց զինծառայող, տեղեկություն կա այլ տուժածների վերաբերյալ, որը ճշտվում է։
«Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրանքը, իհարկե, հայկական ԶՈւ-ի դեմ է, սակայն այն ուղղված է նաև ԱՀ-ում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։ Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ, Հին Թաղեր բնակավայրերը Ռուսաստանի Դաշնության առաջին լուրջ փորձությունն են»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ Արցախի ԶՈւ-ն չի կարող գործել նույն տրամաբանությամբ, ինչ Ադրբեջանինը։ Քանի որ մենք չենք կարող անել որևէ գործողություն, որը կասկածի տակ կդնի ռուս խաղաղապահների գործողությունների արդյունավետությունը։
Հիշեցնենք, երբ դեկտեմբերի 12-ին հակառակորդը գրավել էր Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ։ Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Հավելենք նաև, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: