Կրեմլը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք իսկապես հետևում ենք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները: Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման իրադարձությունները «լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար»:
«Իսկապես տագնապալի իրավիճակ է եղել, բայց այն շատ օպերատիվ կարգավորվել է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, հարձակում էր իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և հին Թաղեր գյուղերի վրա: Մի քանի ժամ տևած մարտերից հետո հակառակորդին հաջողվել է ներթափանցել Հին Թաղեր գյուղ և ընդհուպ մոտենալ Խծաբերդին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին հայտնել է, որ այդ շրջանում իրադրությունը կարգավորվել է, ռուս խաղաղապահներն իրավիճակի մշտական մոնիթորինգ են իրականացնում: