Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն։ Նա հայտնել է, որ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքնով 8 հոգի է վիրավորվել, 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:
Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ ասաց՝ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել։
Վարչապետ Փաշինյանը Հադրութի երկու հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների գրոհը համարում է ռազմական իրադրության ամենալուրջ սրումը եռակողմ հայտարարությունից հետո։ Նա վստահ է, որ այս ամենն ադրբեջանական սադրանք է, որն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: