Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին
Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Ավինյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։