Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողները Մարտակերտ քաղաք են հասցրել մարդասիրական օգնություն՝ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Սննդամթերքի պարագաների և առաջին անհրաժեշտության իրերի կապոցներ տրվեցին իրենց տներ վերադարձած փախստականներին և գյուղի այլ կարիքավոր բնակիչներին: Մարդասիրական այս օգնությունից օգտվել է մի քանի հարյուր ընտանիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքներում ռուս խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է կենսական ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը: Ավարտվել են Շուշիի արևմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարում 24 բնակավայրերում, որտեղ ապրում է ավելի քան 10 հազար մարդ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացիների, այդ թվում՝ 63 երեխաների:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց ամբողջական հրադադար: Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: