Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե անհետ կորած զինվորների ծնողները ծեծել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։
«Վստահաբար կարող եմ շեշտել, որ դա բացարձակ սուտ է»,- Armenia Today-ին ասաց Սարումյանը։
Նա չմեկնաբանեց, թե արդյոք անհետ կորած զինվորների ծնողներն ու նախարարը հանդիպե՞լ են, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ տելեգրամ ալիքներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրին, տեղեկություն էր տարածել, թե երեկ, երբ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տվել անհետ կորած զինվորների ծնողներին, նրանք ծեծել են Միքայել Արզումանյանին։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախյան պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է նրանց հետ։