Ադրբեջանի 12 024 քաղաքացիների Ստեփանակերտում բնակեցնելու վերաբերյալ լուրն ապատեղեկատվություն է։
Այս մասին Facebook-իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար։ Մեկ դիտարկում ևս․ «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը»,- հայտնել է Պողոսյանը։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում է հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց:
Հիշեցնենք, որ հայկական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, տեղեկություն են տարածում, թե, իբրև, Ադրբեջանի 12 024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։