Բերձորի խաղաղապահների պատասխանատուն պահանջել է, որ հայերը զենքերը հանձնեն։
Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է Բերձորի շրջանի Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
Աղավնոյի համայնքապետն էլ իր հերթին է պահանջ ներկայացրել․ «Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք։ Մենք անվտանգության երաշխիքներ ենք պահանջում»,- հայտնել է համայնքապետը։
Նրա խոսքով՝ խաղաղապահները վստահեցրել են, որ Աղավնոյի բնակիչների անվանգությունը կապահովվի։
Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, հողը մշակել:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: