Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում։ .. Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչներ ստացել են որակյալ բուժօգնություն ՊՆ դաշտային հոսպիտալում, որոնց թվում 79 երեխա», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մեկ օրում ՌԴ ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների:
Նշվում է, որ տեղի բնակիչների մոտ սովորաբար դսրևորվում են սուր քրոնիկ հիվանդություններ, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդություններ, ցուցաբերվում է նաև ատամնաբուժական օգնություն: ՊՆ տվյալներով ՝ հատուկ ստորաբաժանումների կազմում 60-ից ավելի ռազմական վիրաբույժներ են, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: