Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից, անհայտ կորած անձանց մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Աշխատանքի սկզբից ընդունվել է 517 դիմում։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերին, նշել են ՌԴ ՊՆ նախարարությունում:
Հաղորդվում է նաև, որ մեկ օրում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 470 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 41,745 մարդ։
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: