Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ թույլ չեն տվել։
Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը բաց է և անվտանգ», – ասել է նա։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ մինչեւ 2021 թվականի ապրիլը Լեռնային Ղարաբաղում կկառուցվեն 32 ժամանակակից մոդուլային ռազմական ավաններ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ արցախցիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Նրանք են ապահովում նաև Հայաստանն ու Արցախը կապող 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը։