Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում մանրամասն զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական օգնության ազդեցության եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար դրա հետեւանքների մանրակրկիտ վերլուծությամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ANCA-ն:
«Մենք ողջունում ենք պահանջը, որ ազգային հետախուզության տնօրենը Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնապես հաշվետու լինի Կոնգրեսի առաջ»,- ասել է ANCA-ի ներկայացուցիչ Արամ Համբարյանը, շարունակելով․
«Մենք վստահ ենք, որ այդ զեկույցն ու փաստերը, որոնք նա կհաստատի Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, ամուր հիմք կլինեն, որով հաջորդ՝ Բայդենի վարչակազմը կարող է պաշտոնապես դադարեցնել Թրամփի վարչակազմի ոչ ողջամիտ ծրագիրը 120 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերման մասին նավթով հարուստ և կոռումպացված երկիր Ադրբեջանին ու Ալիևների ընտանիքին»:
Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախօրեին:
2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության օրինագիծը ներառում է նաև Թուրքիային ԱՄՆ ռազմական օգնության երկու հիմնական սահմանափակում. F-35 օդանավերի փոխանցման համար միջոցների արգելափակում և Թուրքիայի նախագահի Պաշտպանության վարչությանը (TPPD) օգնության դադարեցում՝ ի պատասխան 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը: