Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերահսկողության կենտրոնի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում, և Թուրքիան այնտեղ է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչների։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում։ Երեք կողմերի միջև կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մնում է լուծել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են շինարարությանը, անձնակազմի տեղաբաշխմանը։ Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ միասին։ Այնտեղ նրանց գտնվելու ժամկետների մասին մենք կխոսենք ռուսական կողմի հետ, կրկին կքննարկենք այդ թեման», – ասել է նա։ Աքարի խոսքով աշխատանքները ղեկավարելու են «թուրք և ռուս գեներալները համատեղ»։
Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության մեջ «ռուսական զորքերի հետ միասին կզբաղվեն Թուրքիայի ԶՈՒ 30-ից մինչև 60 ներկայացուցիչներ»: «Նրանք ռուսների հետ միասին ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովեն հրադադարի ռեժիմի կայունությունը», – ասել է Աքարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: