Անտուն մնացած 40 000 արցախցիներն առաջնահերթ ունեն բնակարանների խնդիր։ Իհարկե, դեռևս պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը։ Այստեղ էլ կառավարման խնդիրները քիչ չեն։
Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Նախագահը հայտարարել է, որ այդ մարդիկ պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։ Պետք է քաղաքական այնպիսի լուծումներ լինեն, որ մեր բռնազավթված տարածքները վերադարձվեն իրենց տերերին»,- ասաց Բեգլարյանը։
«Իմ «Ե՛կ Արցախ, ե՛կ տուն» կոչը Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցների համար, որոշ միջադեպերով պայմանավորված, շահարկումների առիթ է դարձել։
Դա ուղղակի անտեղի է, որովհետև ես իմ անձնական ու իմ ընտանիքի օրինակով եմ ցույց տվել, որ պետք է վերադառնալ։
Բայց սա յուրաքանչյուրի անձնական որոշելիքն է։ Այնպես չէ, որ ես կամ իմ ընտանիքի անդամներն ավելի ենք պաշտպանված, քան ուրիշները»,- ասաց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Բեգլարյանը նախօրեին հայտարարել էր, որ կլքի ՄԻՊ պաշտոնը։ Նա աշխատանքի կանցնի գործադիր մարմնում։