Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայանության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: