Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին հակամարտություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում: Ինչպես հայտնում է Tass-ը,այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին հակամարտություններին՝ թե՛ ԱՊՀ տարածքում, թե՛ ցանկացած այլ երկրում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել, եթե մեզ նման խնդրանքով դիմեն։ Այդուհանդերձ, մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա, թեև լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ», – ասել է Մատվիենկոն:
Նա շեշտել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին գագաթաժողովը շատ բովանդակալից է անցել․ «ԱՊՀ բոլոր երկրները հասկանում են, որ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, միասին մենք ավելի շատ հնարավորություններ ունենք զարգացնելու մեր տնտեսությունը, իսկ ինտեգրացիոն գործընթացները ամրապնդում են մեր տնտեսական ներուժը»։
Անդրադառնալով Արցախի կարգավիճակին՝ Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է․ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի և բոլոր այլ պետությունների ջանքերը, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»։
Նա նաև նշել է, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Եռակողմ համաձայնագրին հասնելը բարդ էր։
«Այսօր հենց ռուս խաղաղապահներն են, որ թույլ չեն տալիս խախտել եռակողմ համաձայնագրի պայմանները, վերադառնալ զինված բախումների, նպաստում են խաղաղ կյանք հաստատելուն, փախստականների վերադարձին», -հավելել է նա։