Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»: