Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 280 հա հողատարածք և վնասազերծել ավելի քան 9 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը։ Գործողության ընթացքում ականազերծվել է ավելի քան 280 հեկտար տեղանք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակարանաշինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթյունավտանգ առարկա», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները կիրառում են պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել բարձր տեմպը ականազերծման լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: