ԱԱԾ-ն շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ից հայտնում են, որ վրոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:
Ըստ հաղորդագրության՝ քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել ՀՀ` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:
ՀՀ ԱԱԾ-ն շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Միաժամանակ, ԱԱԾ-ն հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ ՀՀ տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: