Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված Ամանորի միջոցառման հետ։ Հայտարարությունում ասվում է․
«Հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը: Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են»,-նշված է քաղաքապետարանի Facebook-յան էջում։
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը «տոնական հանդերձանքով չի դիմավորի»:
«Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը հայտարարել էր, որ ապամոնտաժվում են տոնական վրաններն ու տոնածառը։