Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Բաքվի և Երևանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն օգնել է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:
Ինչպես հաղորդում է Тасс-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Россия-1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин» հաղորդման ժամանակ:
«Երևանի և Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական և կառուցողական հարաբերությունների պահպանումը թույլ է տվել Պուտինին միջնորդ լինել այդ կարգավորման գործում»- ասել է Դ. Պեսկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին, որով Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով: Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: