Արցախի ՊԲ-ը հայտնում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր, նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։
«Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»։
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե, իբրև, «հայկական զինված խմբավորման» կողմից հարձակում է եղել ադրբեջանցիների վրա Տող գյուղի շրջանում, ընթանում են մարտեր, երկու կողմերում կան զոհեր ու վիրավորներ։