Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ընթացքում Արցախում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով, այս պահին էլ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ի դեպ, պատերազմի ավարտից մինչ օրս հայտնաբերվել է նաև ողջ մնացած 9 հոգի, որոնցից 7-ը զինվորականներ, 2-ը՝ քաղաքացիական անձինք։
Ինչպես հայտնի է, վերջերս հայտնաբերված և հայրենիք վերադարձված 6 զինծառայողներին հնարավոր էր եղել գտնել Տելեկոմի տեղեկատվական կենտրոն նրանց կողմից կատարված զանգի շնորհիվ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թաքնված տղաները եղել են 20-ը, սակայն, 14-ի մասին տեղեկություն առայսօր չկա։ Գտնված զինծառայողները պատմել էին, որ իրենք բաժանվել էին խմբերի, որպեսզի այդկերպ գոնե մի խմբի տղաների փրկվելու հնարավորություն լինի։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել Հադրութում՝ Տող գյուղի շրջանում ընթացող մարտերի մասին։ Այս տեղեկատվությանը հաջորդեց Արցախի ՊԲ-ի պաշտոնական հերքումը, որում նշվում էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։
Մեր այն հարցին, թե որքանով է հավանականությունը, որ ադրբեջանցիների հետ բախումը եղել է հենց այդ 14 անհետ կորած զինծառայողների մասնակցությամբ, Հունան Թադևոսյանը նշեց, որ որևէ վարկած չեն բացառում, ուստի այսօր որոնողական ջոկատներից մեկն ուղևորվել է հենց այդ հատված։ Այս կապակցությամբ նորություն կարող է ստացվել միայն ուշ երեկոյան։
Լրացում․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,-ասաց Հունան Թադևոսյանը: