Երկարաժամկետ հեռանկարում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կապահովի ամբողջ տարածաշրջանում։
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
Նրա խոսքով, Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ վճռորոշ դեր է խաղում իր հարևանների միջև հակամարտությունների կարգավորման գործում:
«Մենք խորապես հարգում ենք երկու հակամարտող կողմերին և միայն բարօրություն ենք մաղթում նրանց, ինչն անհնար էր պատերազմի պայմաններում։ Ռազմական գործողությունների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կորուստներ են կրել։ Զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ավերվել են բնակարաններ և ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի նախագահի անձնական միջամտության շնորհիվ հակամարտող կողմերը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության են եկել 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ինչը թույլ է տվել խուսափել հետագա արյունահեղությունից: Ադրբեջանը համաձայնել է լիակատար հրադադար հաստատել, ինչպես նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Հայաստանն իր հերթին տարածքային լուրջ զիջումների է գնացել, որպեսզի պահպանի Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը, ինչպես նաև վերահսկողությունը տարածքի մեծ մասի նկատմամբ։ Ռուսաստանին և անձամբ մեր նախագահին հաջողվել է կատարել այն, ինչին չկարողացան հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը»,-ասել է Բոնդարևը։
Նա նաև նշել է, որ կոնֆլիկտը նոր չէ, որ ծագել է Հայաստանի և Ադրբեջանի միջև․ «Նման հարցերում միշտ հնարավոր է հետընթաց, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը։ Դրանից խուսափելու համար մեր խաղաղապահները կմնան Ղարաբաղում, ինչը կապահովի ոչ միայն կրակի դադարեցում, այլև առնվազն հինգ տարի խաղաղ գոյակցություն Անդրկովկասում։ Հուսով ենք, որ այն բեկումնային կդառնա բազմամյա դիմակայության ընթացքում, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Վստահ եմ, որ ռուս խաղաղապահները պատվով և արժանապատվությամբ կկատարեն իրենց առջեև դրված խնդիրները»,- եզրափակել է Վ․Բոնդարևը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին, որով Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով: Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն արգելափակված են: