Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բագաևը շնորհավորել է հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին Ամանորի կապակցությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նա ընդգծել է բժշկական մասնագետների մեծ ներդրումը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության առողջության ամրապնդման գործում և հետագա հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բագաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին: Ռուս զինվորական բժիշկները մինչև օրս օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի:
ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ հեռավոր շրջաններում և գյուղերում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ: