Ռուսաստանի Դաշնության ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալական նշանակության օբյեկտները, որոնց թվում դպրոցներ, բժշկական և սպորտային հաստատություններ են: Ականազերծվում են նաև այգիները:
«Արցախում ականազերծվել է ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը՝ սոցիալիական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 19 հազար պայթուցիկ նյութ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար:
Հավելենք նաև, որ պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: