Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն է հայտնաբերվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում՝ պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածու: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առ այսօր մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով»,-մանրամասնել է Թադևոսյանը: