Ռուսաստանի Դաշնության ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասային տեղանքները, որի ընթացքում կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ:
«2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Արցախում, ընդհանուր առմամբ, ականազերծվել է ավելի քան 414,6 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից ավելի քան 20-ը սոցիալիական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթուցիկ նյութ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար: Հավելենք նաև, որ պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: