Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունն, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,
հետեւյալն է.
1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջեւան:
«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»,- գրել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին նույնպես հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։