«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հանդիպմանն ընդառաջ մի շարք մանրամասներ է հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: