Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շուրջ 4 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։ Համատեղ հայտարարություն է ստորագրվել։
Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը։
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: «Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնել էր Մանե Գևորգյանը: