Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնելու Պաշտպանության բանակի ուժերի համալրմանն ու հզորացմանը: Միաժամանակ նա հիշեցրել է, որ ներկայումս Արցախի անվտանգությունը, առաջին հերթին, ապահովում է Ռուսաստանը։
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ այսօր Արցախի ժողովրդի անվտանգությունը, առաջին հերթին, ապահովում է ՌԴ- ն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը, և Պաշտպանության բանակը, ոստիկանական ուժերը, անվտանգության մյուս ուժերը լրացնում են միմյանց»,- նշել է նա:
Պողոսյանը մեկնաբանել է նաև անվտանգության ապահովման համար հանրապետության բնակչությանը զենք մատակարարելու մասին առաջարկները:
«Չեմ կարծում, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է զենք բաժանել, քանի որ դա կարող է հանգեցնել ավելի լուրջ ողբերգությունների, որոնք մենք պետք է թույլ չտանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նման կարծիք ունի նաև Արցախի ղեկավարությունը:
Նա հիշեցրել է վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած հրաձգության մասին։ Պողոսյանի խոսքով՝ սա վերջին երկու ամիսների ընթացքում միակ նման դեպքը չէ, ավելի ծանր դեպքեր էլ են եղել, մասնավորապես՝ Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել:
«Այսինքն՝ զենք բաժանելը չպետք է ինքնանպատակ լինի, ընդհակառակը, մենք այսօր մտածում ենք ոչ թե յուրաքանչյուր քաղաքացու զենք բաժանելու մասին, այլ ոստիկանությանը ատրճանակների փոխարեն ինքնաձիգներ տրամադրելու մասին։ Այսինքն՝ ունենալ ներքին անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն, որը անհրաժեշտության դեպքում կարող է նաև ավելի լուրջ խնդիր իրականացնել»,- նշել է Պողոսյանը։