«Ես Արցախ եմ մեկնել պատերազմի 3 օրը, և շուրջ 8-9 օր որպես ԱԱԾ տնօրեն եղել եմ Արցախում՝ չնայած, որ բարդ էր որպես ԱԱԾ տնօրեն մյուս լիազորություններն իրականացնել։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում նշել է ԱԱԾ նախկին պետ, Քննչական կոմիտեի նախագահի տեղեկալ Արգիշտի Քյարամյանը։
Քյարամյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելուց հետո վերադարձել է Երևան, սակայն հետո կրկին հետ է գնացել Արցախ՝ զբաղվելու տարբեր գործունեությամբ՝ որոշակի բեռներ փոխադրմանն աջակցություն, դասալքության դեպքերի ուսումնասիրություն և այլն։ Պատերազմական իրավիճակի ծանրացումից հետո, իր խոսքով, զբաղվել է նաև զորքերի խրամատավորման, զորախմբերը տարբեր տեղեր փոխադրելու աշխատանքներով։
Քյարամյանն անդրադարձել է նաև այն տեղեկություններին՝ ըստ որոնց՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում 1400 հայախոս ադրբեջանիցների անձնագրեր են տրամադրվել։ «Նախ ԱԱԾ տնօրենը անձնագրային բաժնի պետեր նշանակելու լիազորություն չունի։ Մյուս կողմից՝ անձնագիր տրամադրելը բազմափուլ գործընթաց է»,-նշել է նա՝ հավելելով, այս գործընթացն, ըստ օրենքի, կարող է տևել 6 ամիս, ուստի ինքը չէր կարող այդ գործընթացի հետ կապված լինել։
Քննչական կոմիտեի պետի տեղեկալը մեկնաբանել է նաև այն մեղադրանքները, ըստ որոնց՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում նա ռուս գործընկերոջ հեռախոսահամարը չի ունեցել: «Հատուկ ծառայությունները միմյանց հետ կապվում են հատուկ, միջնորդավորված կապի միջոցով, որտեղ հեռախոսների համարները իմանալու անհրաժեշտություն չկա», – ընդգծել է նա: