Մեզ Ռուսաստանի հետ շատ ընդհանրություններ են կապում, բայց հիմնական հարցերից մեկը, որը մեզ կապում էր Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցն էր։ Եթե Ղարաբաղի հարց չկա, ապա կապերն էապես թուլանում են։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Մանուկյանի կարծիքով, երբ ռուսական կողմը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա ամենևին չի ենթադրում, որ Ռուսաստանն Արցախը որպես Ադրբեջանի մաս է ճանաչում։
«Երբ Ռուսաստանը մասնակցում էր բանակցություններին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հայտարարվեց, որ երկու սկզբունք է դրվում․ ժողովրդի ինքնորոշման հարցը և Ադրբեջանի՝ որպես պետության ամբողջականության հարցը։ Այս երկու հարցերը հակադրվում էին միմյանց, և Ռուսաստանը նույնպես կարծում էր, որ ինքնորոշման հետ կապված ազգային հարց կա»,-նշել է Մանուկյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չկարողացավ արագ կանգնեցնել պատերազմը և չաջակցեց Հայաստանին, Մանուկյանը պատասխանել է, որ Ռուսաստանը չէր էլ կարող միջամտել։
«Ի՞նչ պետք է աներ, պատերազմե՞ր մեզ համար։ Նման բան չի լինում։ Բայց Ռուսաստանը մեզ նաև սպառազինություն էր տրամադրում, և մի քանի անգամ փորձել է կանգնեցնել պատերազմը»,-ընդգծել Վ․ Մանուկյանը։