ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին։
«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ»,- լրագրողներին ասել է Վանեցյանը:
Նա հիշեցրել է, որ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։ Նրա խոսքերով՝ ցավոք սրտի, այդ կանխատեսումն իրականացել է։ Վանեցյանն ընդգծել է, որ ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ վայրերում։
«Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը։ Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, հարիր չէ տղամարդուն», – ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանի խոսքով՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որին հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել մարտական գործողություններին, խոսել է։ Խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել էր Շուշիի համար մարտերին Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատի մասնակցության մասին: Նա տեղեկացրել է, որ Վանեցյանի ջոկատը ժամանել է Շուշի և տեղակայվել քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքի վրա հարձակվելու օրը: ԱԱԾ նախկին պետի խոսքերով ՝ ավելի ուշ նա իմացել է, որ Վանեցյանը Ստեփանակերտում է, իսկ ջոկատի գտնվելու վայրում ոչ ոք չկա։