Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանն այսօր՝ հունվարի 18-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ վերջին տվյալներով, 2-3 տոկոս ճշգրտությամբ, 93 300 արցախցի էր ապաստանել Հայաստանում։
Այդ մարդկանց անհրաժեշտ էր ապահովել կացարանով, տաք սնունդով, հագուստով, բժշկական ծառայություններով, փաստաթղթային խնդիրների լուծմամբ, երեխաների դպրոց հաճախելու հարցերով։
Օպերատիվ շտաբին Արցախի Հանրապետության կողմից ուղղվել է 200 մլն դրամ գումար։
Ըստ Վիրաբյանի՝ այդ գումարը հիմնականում ծառայել է Արցախի այն տարածքների բնակիչներին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այդ գումարներից 54 մլն դրամն ուղղվել է զոհված զինծառայողների հուղարկավորման ծախսերին։
Օպերատիվ շտաբի գրանցամատյանում նշված է 50 ընտանիք, որոնք պատրաստ են վերադառնալ Արցախ՝ բնակվելու ազատ բնակֆոնդ ունեցող այլ համայնքներում։ Միայն հունվարի վերջին օրերին այդպիսի 7 ընտանիք է գրանցվել, որոնք Ասկերանի շրջանի Բադարա գյուղում կբնակեցվի»,- ասաց Վիրաբյանը։
Հայտնի է, սակայն, որ արցախահայերն ավելի շատ կարևորում են իրենց զբաղվածության հարցը, քանի որ սոցիալական միանվագ աջակցությունները ժամանակավոր են և նրանց հարկավոր է հիմնական եկամուտ։ Այս մասին Վիրաբյանն ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 10 աջակցության ծրագրերից 2-ը վերաբերում է հենց զբաղվածությանը։