Մոսկվան մտադիր չէ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի Դաշնության կազմում, «մենք նման միտք անգամ չունենք»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է, իր խոսքով, «էկզոտիկ», առաջարկը՝ Ռուսաստանի Դաշնության կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկելու վերաբերյալ, ասելով․
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը որևէ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Մենք նման միտք չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք կօգնենք գտնել այնպիսի լուծում, որը կապահովի խաղաղություն, կայունություն և անվտանգություն այս տարածաշրջանում, և ամենակարևորը՝ անվտանգություն այն մարդկանց համար, որոնք այստեղ ապրել են միշտ և պետք է ապրեն ապագայում», – ասել է Լավրովը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները և Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները, հասարակության շրջանում սկսվեցին լուրեր տարածվել այն մասին, թե, իբրև, հնարավոր է՝ ԼՂ-ն ընդգրկվի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։