Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է Արցախում սոցիալական ուղղվածության ծրագրերի իրակացման ընթացքը՝ անդրադառնալով նաև Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների խնդիրներին։
«Արցախահայության աջակցության ծրագրերի մեջ ժամանավոր աշխատանքի ապահովման երկու ծրագիր կա, որը նախարարության գործող զբաղվածության ծրագրերի շրջանակում է իրականացվում»,-նշել է Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրն իրականացվում է բացառապես այն արցախցիների համար, որոնք հայտնվել են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում։
«Այդ ծրագրերը ընդհամենը երեք ամիս ժամկետով են, այն քաղաքացիներին է վերաբերում, որոնք օգտվում են աջակցության այն ծրագրերից, որով ֆիքսվում է նրանց առնվազն մի քանի ամիս ՀՀ-ում գտնվելը, և այն ծրագրերը, որոնք կառավարությունը իրականացրել է նաև Արցախի մեր գործընկերների գործուն ջանքերի արդյունքում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին կարող ենք արձանագրել, որ ավելի քան 95 000 արցախցի վերադարձել է մշտական բնակության վայրեր, ինչը 2 ամսվա համար մեծ ձեռքբերում է։
«Այս պահին ՀՀ-ում գտնվում են այն քաղաքացիները, որ կորցրել են իրենց բնակարանները, և որոնց համար փուլ առ փուլ կիրականացվեն վերաբնակեցման աշխատանքներ, հնարավորության դեպքում կիրականացվի նաև նրանց վերադարձն Արցախ»,-մանրամասնեց Առաքելյանը։
Նախարարը հավելեց, որ Արցախում ազատ կացարաններ չկան։ «Ընդ որում, մի քանի հազար քաղաքացիներ, որ կորցրել են իրենց բնակարանները, այդ ծրագրերի շրջանակում մի մասը վերադաձել է Արցախ, և վարձակալական հիմունքներով շարունակում է բնակվել Արցախում»,-նշեց Առաքելյանը։