Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հունվարի 22-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական էջից:
««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:
Նախագծով առաջարկվում է.
Ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000 դրամ, կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում»,-ասված է հաղորդագրության մեջ: