Ե՛վ Արցախում, և՛ ՀՀ-ում վարձու բնակարանները աստղաբաշխական գումարներ են, իսկ պետական հովանավորությամբ տրամադրվող գումարները այն չափի չեն, որ մարդիկ կարողանան վարձը մարել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
«Պետության կողմից տրամադրվող այդ գումարներից 18-58 տարեկան տղամարդիկ չեն օգտվում, տղամարդկանց համար էլ աշխատանք չկա»,-նշեց Սարգսյանը՝ հարցադրում անելով, թե ինչպե՞ս պետք է փոխհատուցվեն այն մարդկանց գումարները, որոնք կորցրել են իրենց տունուտեղը, ունեցվածքը։
Շուշիի քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց նաև բաժանվող օգնության հետ կապված․ «Օգնության բաժանման գործընթացը ևս կարգավորված չէ, պետք է ցուցակագրվեն, պետական մակարդակով պետք է կարգավորվի»։
Խոսելով Շուշիի անկման մասին՝ քաղաքապետը նշել է, որ անհասկանալիորեն Քարին տակի հատվածից զորքը դուրս է բերվել, ինչը թշնամուն հնարավորություն է տվել անարգել հասնել Շուշիի մատույցներ։ «Ինձ թվում է՝ հրամանատարության կողմից ռազմական գործողությունները լավ կազմակերպված չէին, դրա համար ունեցանք քաղաքի անկումը»։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե հակամարտությունը սկսելուց առաջ Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել, Արծվիկ Սարգսյանն արձագանքել է․
«Օրինակ՝ 1916 թ․-ին Շուշին ուներ 43․863 բնակիչ, որից 21․926-ը հայեր էին, 18․641-ը՝ թաթարներ, 1249-ը ռուսներ, մնացածը՝ այլազգիներ։ 1920 թ․-ի մարտի 22-23-ը թուրք-մուսաֆաթականները բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների։ Բոլորիս համար փաստ է, որ մինչ 90-ականների սկիզբը Շուշիի բնակիչների 90 տոկոսը ադրբեջանցիներ էին, բայց դա պայմանավորված էր նրանով, որ 60-70-ականներին Հեյդար Ալիևը հայաթափել է Շուշին։ Սակայն, Շուշիի ամեն մի քարը հայկական է, այդ խաշնարած ցեղերը չեն կարողացել քար տաշել, անգամ փողոցների ամեն մի քարն է հայկական»,-նշել է քաղաքապետը։