Ոստիկանը, որի կյանքը, ըստ էության, փրկել էր ծոցագրպանի ծառայողական վկայականը, ոստիկանության Իջեւանի բաժնի պարեկապահակետային ծառայության հրամանատարի օգնական, 1-ին ջոկի հրամանատար, ավագ Արարատ Մինասյանն է:
Պատերազմի վերսկսման լուրը ստանալուն պես Արարատ Մինասյանը կամավորագրվել է, սեպտեմբերի 28-ին ընկերների հետ մեկնել Վանաձոր, մարտական պատրաստվածություն անցել, իսկ հոկտեմբերի 3-ին՝ մեկնել Արցախ: Հոկտեմբերի 4-ին՝ դստեր ծննդյան օրը, զանգահարել է տուն, շնորհավորել, բայց չի ասել, որ արդեն մասնակցում է Շուշիի համար մղվող մարտերին: Հենց նույն օրը՝ հոկտեմբերի 4-ին, վիրավորում է ստացել Շուշիի մշակույթի տանը հրթիռի հարվածից:
«Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ արդեն փլատակների տակ էի, չէի կարողանում շարժվել: Ընկերներս են ինձ դուրս հանել, տեղափոխել Շուշիի բուժկետ, իսկ արյունահոսությունը դադարեցնելուց հետո ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո էլ՝ Երևան: Երբ հասա Երևան, նկատեցի, որ սրտիս շրջանում բազմաբեկորային վնասվածքներ են, իսկ սրտիս ոչ մի բեկոր չի դիպել: Մարտի դաշտում ծառայողական վկայականս ծոցագրպանումս էր, հետո հրամանատարս ցույց տվեց եւ ասաց՝ նայիր վկայականդ կյանքդ փրկել է: Տեսա վկայականիս վրայի մետաղը վնասվել է, սիրտս պաշտպանել է թշնամուց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել է Արարատ Մինասյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության հաղորդագրության, պատերազմի ընթացքում ոստիկանության զորքերից անմահացան 38 ծառայող և վիրավորվեց մոտ չորս տասնյակը։ Մինչ այս պահը անհետ կորած է համարվում ոստիկանության 6 ծառայող: